Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի օրը վերականգնվող էներգիայի արտադրությունը խթանելու բարեփոխումների խոշոր փաթեթ է ներկայացրել՝ որպես կլիմայական նպատակներին հասնելու եւ էներգիայի ներմուծումից, մասնավորապես ռուսական, անկախանալու ջանքերի մի մաս, հաղորդում է AP-ն:
Նախարարների կաբինետի կողմից հաստատված 600 էջանոց «Զատկի փաթեթը» հավակնոտ նպատակներ է սահմանում ծովային էներգիայի ընդլայնման համար եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղադրումը հայտարարում է «գերակա հանրային շահ»։
«Ընդհանուր առմամբ, այս փաթեթը կհանգեցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների զգալի աճի»,- Բեռլինում լրագրողներին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Գերմանիան դեռեւս պետք է հսկայական ջանքեր գործադրի՝ ջերմոցային գազերի արտանետումները մինչեւ 2045թ․ «զուտ զրոյի» հասցնելու հավակնոտ կլիմայական նպատակին հասնելու համար եւ, ամենայն հավանականությամբ, նա չի հասնի իր կարճաժամկետ նպատակներին՝ անցյալի անհաջողությունների պատճառով:
Նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամը նույնպես կազդի այդ ծրագրերի վրա, ընդ որում Գերմանիան ավելի շատ կօգտագործի երկրի ածուխը՝ ռուսական էներգակիրների ներմուծման կրճատման պատճառով առաջացած բացը լրացնելու համար:
Սակայն Գերմանիային արդեն հաջողվել է վերջին ամիսներին զգալիորեն կրճատել ռուսական ածխի, նավթի ու գազի գնումները։ Երկիրը մտադիր է այս տարի դադարեցնել Ռուսաստանից նավթի եւ ածխի, իսկ մինչեւ 2024թ․ կեսերը գազի ներկրումը, ասել է Հաբեկը։




























