Մալթան մերժել է «ոսկե անձնագրերի» վաճառքը դադարեցնելու ԵՄ կոչերը՝ հայտարարելով, որ քաղաքացիություն տալը անդամ պետության ազգային իրավասությունների շրջանակում է «եւ դա այդպես էլ պետք է մնա», փոխանցում է Reuters-ը։
Մալթայի արձագանքը հետեւել է Եվրահանձնաժողովի կողմից «մոտիվացված կարծիքի» հրապարակմանը, որում բացատրվում է, թե ինչու պետք է Մալթան դադարեցնի քաղաքացիության վաճառքը, եւ նախազգուշվում է դատական հայցի մասին, եթե այդ պրակտիկան շարունակվի:
«Հանձնաժողովը կարծում է, որ ԵՄ քաղաքացիության տրամադրումը նախապես սահմանված վճարումների կամ ներդրումների դիմաց՝ առանց որեւէ իրական կապի համապատասխան անդամ պետության հետ, ԵՄ օրենսդրության խախտում է... Քաղաքացիության այդպիսի սխեմաները խաթարում են ԵՄ քաղաքացիության էությունը եւ հետեւանքներ ունեն Միության համար։ Յուրաքանչյուր անձ, ով ԵՄ անդամ պետության քաղաքացիություն ունի, միեւնույն ժամանակ ԵՄ քաղաքացի է։ ԵՄ քաղաքացիությունը ձեզ ավտոմատ կերպով տալիս է ազատ տեղաշարժի, ԵՄ ներքին շուկա մուտք գործելու եւ եվրոպական և տեղական ընտրություններում ընտրելու եւ ընտրվելու իրավունք է տալիս: Նման սխեմաների անքակտելի ռիսկերը եւս մեկ անգամ ընդգծվել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի համատեքստում»:
Հանձնաժողովը համանման գործողություններ էր սկսել Կիպրոսի եւ Բուլղարիայի դեմ անցյալ տարի։ Երկու երկրներն էլ դադարեցրել են քաղաքացիության նոր դիմումների մշակումը, իսկ հոկտեմբերին Նիկոսիան չեղարկել էր 39 ներդրողի քաղաքացիությունը:
Մալթան մարտի 2-ին դադարեցրել էր դիմումների ընդունումը Ռուսաստանից եւ Բելառուսից, սակայն շարունակում է ընդունել այլ հարուստ օտարերկրացիների դիմումները, մասնավորապես՝ Չինաստանից եւ ասիական ու արաբական այլ երկրներից։
Վարչապետ Ռոբերտ Աբելան բազմիցս պաշտպանել է ծրագիրը՝ հայտարարելով, որ այն հիմնված է մանրակրկիտ թեստավորման վրա եւ եկամտի կարեւոր աղբյուր է: «Մասամբ այս միջոցների շնորհիվ մենք կարողացանք օգնել մեր բիզնեսներին եւ ընտանիքներին համավարակի ժամանակ»,- ասել է նա:





























