Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ընդգծեցինք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածություններն անշեղորեն կատարելու կարեւորությունը, վերահաստատեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իր մանդատը հստակ կատարելու կարեւորությունը։

Անդրադարձանք մեր ղեկավարների մակարդակով քննարկված հարցերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցով հանձնաժողովի ստեղծմանը եւ սահմանային գոտում վստահության եւ կայունության ամրապնդման հետագա քայլերին։ Այդ մասին սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2021թ․ նոյեմբերին Սոչիում։ Հուսով ենք, որ շատ մոտ ապագայում նման հանձնաժողով կստեղծվի։ Մեր գնահատմամբ՝ այս ճանապարհին մենք որեւէ խոչընդոտ չենք նկատում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով, իհարկե, պետք է շարունակել մարդասիրական խնդիրների լուծմանը, փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի հանդիպումների վերականգնմանն ուղղված աշխատանքները, որը առարկայական, կոնկրետ համաձայնեցնում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման պարամետրերը: Այդ խմբի հերթական նիստը կկայանա այս ամիս:

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը։ Առարկայական խոսել ենք այն մասին, թե ինչ ձեւով մենք կարող ենք օգնել մեր հարեւաններին գործի դնել այդ գործընթացը:

Եվ, իհարկե, մենք ողջունում ենք Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սա պետք է նպաստի մեր ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Նա նաեւ հայտնել է, որ հանդիպմանն ընդգծվել է 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մեկնարկը, որը ներառում է Հարավային Կովկասի 3 երկրները, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։ «Մենք ընդհանուր կարծիք ունենք, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը, որպեսզի մեր վրացի գործընկերները միանան հեռանկարային ձեւաչափին»,- ասել է Լավրովը։