Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ընտրությունները նշանակել է մայիսի 21-ին, տեղեկացնում է Associated Press-ը:

Մորիսոնը կիրակի գեներալ-նահանգապետ Դեւիդ Հերլիին՝ որպես ավստրալական պետության ղեկավարի՝ Եղիսաբեթ II-ի ներկայացուցչին, խորհուրդ է տվել նշանակել ընտրությունների օրը:

Մորիսոնի պահպանողական կուսակցությունը հավակնում է չորրորդ եռամյա ժամկետին:  

Մորիսոնն ընտրողներին կոչ է արել մնալ կառավարության կողքին, որը կորոնավիրուսի համավարակի ժամանակ ապահովել է մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը բոլոր զարգացած երկրների շրջանում եւ ռիսկի չդիմել՝ քվեարկելով ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության օգտին:

«Այս ընտրությունները ընտրություն է կառավարության, որին դուք ճանաչում եք, եւ որը արդյունքների է հասնում, եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ, որին դուք չեք ճանաչում»,- ասել է Մորիսոնը:

Մորիսոնի կուսակցությունը հաղթանակ է տարել 2019 թ. կայացած ընտրություններում, թեեւ հասարակական կարծիքի հարցումները կանխատեսել էին լեյբորիստների հաղթանակը: