ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության զինվորականները երեքշաբթի հակաճգնաժամային կառավարման շտաբային զորավարժություններ են սկսել, որոնք նախորդում են ապրիլի 18-28-ը կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային վարժանքներին, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Հակաճգնաժամային կառավարման զորավարժությունները նպատակ ունեն գործողություններ մշակել պատերազմին նախորդող տարբեր սցենարների դեպքում, պարզաբանել է Yonhap-ը։ Դրանք տեղի են ունենալու ապրիլի 12-15-ը՝ Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի ղեկավարությամբ։ Ապրիլի 18-ին կսկսվեն հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ ռազմական ժամանակաշրջանում կողմերի գործողությունների պլանների վրա հիմնված համակարգչային մոդելավորման ձեւաչափով։ Այս զորավարժությունները մարտից ապրիլ էին տեղափոխվել Հարավային Կորեայում նախագահական ընտրությունների պատճառով։





























