Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել, որ երկրում կարող է հանրաքվե անցկացվել կենսաթոշակային բարեփոխումների հարցով, որը կենսաթոշակային տարիքի բարձրացում է ներառում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

«Ես չեմ բացառում բարեփոխումների հարցով հանրաքվեն»,- ընդգծել է նախագահը` հավելելով, որ կենսաթոշակային տարիքի կտրուկ բարձրացում չի լինի։ Մակրոնը հնարավոր է համարել, որ ռեզոնանսային բարեփոխումը կարող է հետաձգվել 2030 թվականից հետո, եթե «մարդկանց շրջանում չափազանց մեծ անհանգստություն լինի»։

Ֆրանսիայում տղամարդկանց եւ կանանց համար կենսաթոշակային նվազագույն տարիքը 62 տարեկանն է: Այնուամենայնիվ, քաղաքացին լիարժեք կենսաթոշակ ստանում է, եթե նրա աշխատանքային ստաժը 41.5 տարի է։ Գործող համակարգը ընդհանուր 42 տարբեր կենսաթոշակային ռեժիմներ է պարունակում:

Կառավարության պլանների համաձայն՝ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում տարիքը 62-ից պետք է հասցվի մինչեւ 65 տարեկանի, ինչը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Առաջին փուլում կառավարությունը նախատեսում է 2025 թվականից լիարժեք կենսաթոշակ տրամադրել միայն 64 տարեկանից։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի մրցակից Մարին Լը Պենը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին: