Գերմանիան ակնկալում է, որ Սերբիան իր արտաքին քաղաքականությունը կհամաձայնեցնի Եվրամիության հետ, եթե ցանկանում է նրա անդամը դառնալ, հայտնում է Reuters-ը։

Բեռլինը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել այն տեղեկությունները, որ Սերբիան չինական «երկիր-օդ» դասի հրթիռներ է ստանում:

Ըստ ԶԼՄ-ների՝ չինական ռազմատրանսպորտային ինքնաթիռներն անցյալ շաբաթ Բելգրադ են ուղարկել ռուսական С-300-ի կամ ամերիկյան Patriot-ի նման FK-3 զենիթահրթիռային համակարգ։ Սերբիայի իշխանությունները չեն հաստատել առաքումը։

«Դաշնային կառավարությունը սկզբունքորեն ակնկալում է, որ ԵՄ-ին անդամակցելու բոլոր թեկնածուները կմիանան Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականությանը ու անվտանգության քաղաքականությանը եւ այդպիսով ավելի ու ավելի կմոտենան ԵՄ-ին»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության դաշնային մամուլի ծառայությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կրկին կոչ է արել Սերբիային միանալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ այլ երկրների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։

«Եթե ցանկանում եք ԵՄ անդամ դառնալ, ապա կարեւոր է, որ նման պահերին միանաք ԵՄ արտաքին քաղաքականությանը եւ դրան ուղեկցող պատժամիջոցներին»,- ասել է Բերբրոքը։

Վուչիչը երկուշաբթի Reuters-ին ասել է, որ Սերբիան նախատեսում է տասնյակ Dassault Rafale կործանիչներ գնել, ինչը փորձագետները գնահատել են որպես Ռուսաստանից Բելգրադի հեռանալու նշան:

Չինաստանը միլիարդավոր եվրոներ է ներդրել Սերբիայում՝ հիմնականում արտոնյալ վարկերի, ենթակառուցվածքային եւ էներգետիկ նախագծերի մեջ։