Ինչպես սահմանագծման դեպքում, ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարեւոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի վրա եւ մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը ցավոք շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ոլորտում եւ կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը:  

Բայց այսօր էլ պիտի ընդգծենք, որ Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին ազգային ատելության քաղաքականություն վարելու մեջ մեղադրող մեր հայցը: Այսպիսի մի գործողություն Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն էր, որտեղ ցուցադրվում էին հայ արնահոսող զինվորների մանեկեններ եւ որոնց ֆոնին լուսանկարվում էին պետական մակարդակով պուրակ տարվող ժպտերես ադրբեջանցի դպրոցականները: Նշված մանեկեններն, ի դեպ, այդտեղից դուրս բերվեցին հենց միջազգային դատարանի որոշման արդյունքում:

Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի դեպքերն են ու դրան նախորդած իրադարձությունները: Նախ՝ Ադրբեջանը պայթեցրեց Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող միակ խողովակը այն ժամանակ, երբ Ղարաբաղում աննախադեպ ցրտեր էին սկսվել: 11 օր տեւեց մինչեւ խողովակաշարը վերականգնվեց, բայց պարզվեց նաեւ, որ նորոգման արդյունքում Ադրբեջանը փական է տեղադրել խողովակի վրա, ու այդ փականը փակվեց այն օրը, երբ Ղարաբաղում աննախադեպ քանակի ձյուն տեղաց, մինչեւ մեկուկես մետր, իսկ օդի ջերմաստիճանը նվազեց մինչեւ մինուս ութ: Հակահայկական այս ակցիան ըստ էության շարունակությունն էր այն բանի, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն եւ ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով եւ բարձրախոսներով մուսուլմանական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսեւորում եւ մյուս կողմից՝ իսլամի վարկաբեկում»,-հայտարարեց Փաշինյանը:

Շարունակելով Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության թեման, նա ընդգծեց, որ դրա կարեւորագույն ապացույցներից մեկը հայկական եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները վերացնելու աշխատանքային խմբի ձեւավորումն է Ադրբեջանի մշակույթի նախարարությունում:

«Այս բոլոր փաստերը մենք մանրամասնորեն պիտի օգտագործենք Արդարադատության միջազգային դատարանում: Այդ փաստերը պիտի դարձնենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության էֆեկտիվ մեխանիզմների գործարկման անհրաժեշտության հիմնավորում:

Եվ իհարկե, այս փաստերը պիտի օգտագործենք խաղաղության բանակցություններում մեր դիրքորոշումները հիմնավորելու եւ դրանց միջազգային լեգիտիմությունը ապահովելու համար»: