Samsung-ը կսկսի օգտագործված մասեր մատակարարել սմարթֆոնների վերանորոգման համար։ Այս մասին հայտնում է Business Korea-ն։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ կորեական ընկերությունը սմարթֆոնների վերանորոգման համար ավելի շատ վերամշակված մասեր կօգտագործի։ Ըստ երեւույթին, առաջարկից կկարողանան օգտվել սերվիսային կենտրոնները եւ վերջնական օգտվողները: Լրագրողները բացատրել են, որ այդպես սարքերի օգտագործված մասերը կարող են վերամշակվել եւ նորից օգտագործվել վերանորոգման համար։
Մասնագետների կարծիքով՝ Samsung-ը մտադիր է էժանացնել իր սարքերի վերանորոգումն ու նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ընկերության որոշումը համահունչ է բնապահպանության ռազմավարությանը, որի շրջանակներում, օրինակ, Galaxy S22 շարքի ֆլագմանային սարքերը մասամբ պատրաստված են օվկիանոսային աղբից:
Լրագրողները նշել են, որ այդ ծրագրի ներդրման դեպքում սմարթֆոնների վերանորոգման ծախսերը կարող են զգալիորեն կրճատվել։ Այդպես, այս պահին հեռախոսի վնասված էկրանի փոխարինումն արժե մոտ 200 000 վոն։ Օգտագործված մասերի օգտագործման դեպքում սպասարկման ծախսերը առնվազն կրկնակի անգամ կկրճատվեն:





























