ԱՄՆ-ն «անտարբեր չի մնա» այն գործողությունների նկատմամբ, որոնք խաթարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Երկրները, որոնք շահույթ են փնտրում՝ չդատապարտելով Ռուսաստանի «զզվելի պատերազմն Ուկրաինայի դեմ», անհեռատես են եւ կբախվեն հետեւանքների, եթե շրջանցեն Արեւմուտքի պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները եւ նրա գործընկերները «անտարբեր չեն մնա» այն գործողությունների նկատմամբ, որոնք խաթարում են Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցները։

Յելենը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը փոխել է համաշխարհային տնտեսության հայացքները, եւ Բայդենի վարչակազմը պարտավորվել է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր «սարսափելի պահվածքի» եւ «միջազգային իրավունքի խախտման համար»։

«Բայդենի վարչակազմը կաշխատի գործընկերների հետ՝ Ռուսաստանին տնտեսական, ֆինանսական եւ ռազմավարական մեկուսացման  մղելու համար»,-ասել է նա։

Ըստ Յելենի՝ «ռուսական ներխուժումը» դրդել է շատ երկրների եւ ընկերությունների միասնական դիրքորոշում ունենալ եւ դադարեցնել բիզնես կապերը Մոսկվայի հետ, ինչը կարող է օգնել ձեւավորել գլոբալ պատասխան։

«Նման շարժառիթները անհեռատես են։ Մեր միջազգային կարգի ապագան վտանգված է եւ՛ անվտանգության, եւ՛ տնտեսական բարգավաճման համար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները սկսել են առաջարկներ մշակել ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի եւ հետպատերազմյան միջազգային ֆինանսական ճարտարապետության համար 1941թ․՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, եւ այժմ անհրաժեշտ է նոր ճարտարապետություն: