Թուրքիան բարձրացրել է օտարերկրացիների համար թուրքական անձնագրի արժեքը։ Օտարերկրացիները, որոնք ցանկանում են Թուրքիայում անշարժ գույք գնել՝ Թուրքիայի քաղաքացի դառնալու համար, այժմ ստիպված կլինեն ավելի շատ վճարել, ինչը կապված է օտարերկրյա գնորդներին, հատկապես՝ ռուսներին եւ ուկրաինացիներին վաճառքի կտրուկ աճի հետ, հաղորդում է Sabah-ը։

Գումարը, որը օտարերկրացիները պետք է վճարեն անշարժ գույքի համար եւ պարտավորվում են տնօրինել առնվազն երեք տարի՝ թուրքական անձնագիր ստանալու համար, կավելացվի մինչեւ 400 000 դոլար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության նիստում քննարկված որոշումը։

Անկարան «քաղաքացիություն անշարժ գույքի դիմաց» սխեման ընդունել է 2017թ․։ Մեկ տարի անց նվազեցրել է նվազագույն գինը՝ 1 միլիոն դոլարից մինչեւ 250,000 դոլար՝ օտարերկրյա գնորդների գրավելու համար:

Ըստ տեղեկությունների՝ վերանայված որոշումը շուտով կհրապարակվի պաշտոնաթերթում։

Մոտ 7000 օտարերկրացի քաղաքացիություն է ստացել 2017-ից 2020թթ․ բնակարան գնելու միջոցով։ Այս մասին անցած տարի հայտնել է Թուրքիայի կառավարությունը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օտարերկրացիներին, հիմնականում՝ իրանցիներին, իրաքցիներին, ռուսաստանցիներին եւ աֆղանստանցիներին, անշարժ գույքի վաճառքը 2021թ․ հասել է ռեկորդային 58 576 միավորի՝ 43,5 տոկոսով ավելի, քան անցած տարի։