Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչո՞ւ է եղել, և այդ պատերազմը 2016 թվականի ինչո՞ւ նախկինում չի եղել։ Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ: Որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք:
Մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես և ինչքան մեզ մորթեն և ինչպես և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզանից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ, դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս:
Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես այս երեխաներին է ձեռք տալիս։ Ես չգիտեմ՝ ինչ են պատմում իրենց, ես նույնիսկ վստահ չեմ՝ իրենց ուսուցիչներն ինչ են պատմում իրենց, բայց ես այսօր իրենց ասում եմ՝ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։
Մենք այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին, լավ, չենք հասկանալո՞ւ, ի վերջո, դրա խորքային պատճառները, չենք հասկանալո՞ւ դրանց խորքային պատճառները»,-ասաց նա:





























