Երեւանի ղեկավարությունը մտադիր է վարկային միջոցներով չինական արտադրության 400 ավտոբուս ներկրել Հայաստան: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ին պաշտոնական այցով եղել է Չինաստանում:
Հայկական պատվիրակությունը ավտոբուս արտադրող չինական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարության հետ քննարկել է վարկային միջոցներով շուրջ 400 ավտոբուսների Երեւան ներկրմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Երեւանի պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել Պեկինի տրանսպորտի կոմիտեում, ծանոթացել ոլոտում տարվող քաղաքականությանը, Պեկինի տրանսպորտի կառավարման սկզբունքներին ու մոտեցումներին: Հայկական կողմը, չին գործընկերներին առաջարկել է մասնակցել Երեւանի ներդրումային ծրագրերին:
Պեկինի գործարարության կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ, ներկայացվել է Երեւանում նախատեսվող ներդրումային 6 խոշոր ծրագիր: Նշելով իրենց հետաքրքրվածությունը` չինական կողմը խոստացել է ուսումնասիրել ծրագրերն ու կարճ ժամկետում արձագանքել:
Այցի շրջանակում Երեւանի քաղաքապետը հանդիպում է ունեցել նաեւ ինովացիոն եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում հայտնի առաջատար ընկերություններից մեկի` «Հուայվեյ տեքնոլոջի» ընկերության նախագահի հետ: Քննարկվել են Երեւանում «Հուայվեյ թեքնոլոջի»-ի կենտրոն հիմնելու, ինչպես նաեւ ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Ստորագրվել է համագործակցության հուշագիր` ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով:



























