Արաբական Միացյալ Էմիրությունները կանչել է Իսրայելի դեսպանին՝ ի նշան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած բախումների դեմ բողոքի, հայտնել է Պարսից ծոցի երկրի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է Reuters-ը։

Միջազգային համագործակցության հարցերով ԱՄԷ-ի պետնախարար Ռիմ բինթ Էբրահիմ Ալ-Հաշիմին ընդգծել է «այդ իրադարձություններն անհապաղ դադարեցնելու եւ հավատացյալների լիարժեք պաշտպանությունը ապահովելու» անհրաժեշտությունը:

Նա նաեւ կոչ է արել «հարգել իրենց կրոնական ծեսերը կատարելու պաղեստինցիների իրավունքը եւ դադարեցնել Ալ-Աքսա մզկիթի անձեռնմխելիությունը խախտող ցանկացած գործելաոճ»։ Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ, որը սպառնում է տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը»։

Առնվազն 152 պաղեստինցի վիրավորվել է ուրբաթ օրը մզկիթի ներսում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետեւանքով։