Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը հիմնարար գիտության ոլորտում։ Այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

Պուտինը եւ Փաշինյանը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը հիմնարար գիտության ոլորտում՝ շեշտը դնելով համատեղ գիտահետազոտական եւ արտադրական համալիրների հիման վրա պահանջարկ ունեցող բարձր տեխնոլոգիական արտադրանքի զարգացման վրա։ Պատրաստակամություն է հայտնվել խրախուսել երկու երկրների բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների եւ նոր բիզնես նախագծերի (ստարտափների) միջեւ կապերը, ինչպես նաեւ նպաստել ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնգրեսների, գիտաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմանը՝ գիտության, կրթության եւ երիտասարդության քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացման նպատակով։

Ղեկավարները կողմ են արտահայտվել մշակույթի եւ կրթության, աշխատանքի պաշտպանության եւ սոցիալական հարցերի, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի եւ բնապահպանության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը։ Այս առումով կարեւոր գործիքներն են Կրթության ոլորտում համագործակցության երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խումբը, ՌԴ մշակույթի նախարարության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համագործակցության 2022-2025 թթ. ծրագիրը, ՌԴ սպորտի նախարարության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ սպորտի ոլորտում 2022-2023 թվականների փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը, ՌԴ բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության եւ ՀՀ շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջեւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում 2022-2023 թթ. համագործակցության հուշագրի իրականացման ծրագիրը։

Ընդգծվել է Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի եւ Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման համար բարենպաստ պայմանների ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող համատեղ կրթական կազմակերպությունների եւ ռուսական բուհերի մասնաճյուղերի արդյունավետության բարձրացման միջոցով։

Պուտինն ու Փաշինյանը կողմ են արտահայտվել երկու երկրների միջեւ երիտասարդական փոխանակումների ակտիվացմանը՝ հիմնված ռուս-հայկական երիտասարդական ֆորումների մեխանիզմների եւ Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ՌԴ դաշնային բյուջեի ծախսերով Հայաստանի քաղաքացիների ընդունելության վրա։

Նշվել է այն օգտակար աշխատանքը, որ կատարվում է «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի, Երեւանի «Ռուսական գրքի տան» եւ Երեւանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կողմից՝ մշակույթի եւ կրթության ոլորտում կապերն ամրապնդելու համար։ Նրանք կողմ են արտահայտվել երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված զանգվածային միջոցառումների անցկացմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Հայաստանի առաջատար արվեստագետների համատեղ ցուցահանդեսների, փառատոների եւ հյուրախաղերի կազմակերպմանը։

Ղեկավարները պայմանավորվել են նպաստել ռուսական սփյուռքի ներուժը Հայաստանում եւ հայկական սփյուռքի ներուժը Ռուսաստանում բացահայտելուն՝ երկկողմ մշակութային եւ հումանիտար կապերն ամրապնդելու եւ երկու երկրներում սոցիալապես նշանակալի նախաձեռնություններ իրականացնելու համար:

Ընդգծվել է սփյուռքի միությունների գործունեության կարեւորությունը՝ ազգամիջյան միասնության խթանման, տարբեր էթնիկ խմբերի միջեւ ազգամիջյան համաձայնության եւ վստահության պահպանման ու բարձրացման համար։