Վրաց-ադրբեջանական սահմանի 446 կմ տարածքի մոտ 30 տոկոսը դեռ պարզ չէ, թե որ պետությանն է պատկանում՝ Վրաստանին, թե Ադրբեջանին։ Այդ հարցը փորձում է պարզաբանել երկու պետությունների կողմից նշանակված հատուկ հանձնաժողովը, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը։

Ըստ այդմ, հիմնականում խոսքը վերաբերում է «Դավիթ Գարեջի» վանական համալիրին, որն ըստ վրացիների VΙ դարում հիմնադրել է Սուրբ Դավիթ Գարեջելին եւ այն վրացական պատմական տարածք է, իսկ ըստ ադրբեջանցիների, դա պատկանում է աղվաններին եւ կոչվում է «Կեչիկ»: Նշենք, որ քրիստոնյա աղվաններին ադրբեջանցիները վաղուց է, ինչ փորձում են ներկայացնել որպես իրենց նախնիներ:

Գործակալության տեղեկատվությամբ, վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի քաղաքական եւ գիտական շրջանակները այդ հարցը չէին բարձրացում, ուստի Վրաստանն այդ առումով վտանգ չէր տեսնում: Սակայն, ինչպես պարզվում է, Ադրբեջանն աշխատել է այդ հարցի շուրջ եւ այժմ ձգտում է առավել ակտիվորեն բարձրացնել այդ խնդիրը, դրանով փորձելով Վրաստանի վրա ճնշում գործադրել:

Ադրբեջանը պատրաստվում է հիմնել աղվանական եկեղեցի , որի կարեւորագույն եւ հիմնական նպատակը կլինի «վերադարձնել», իսկ իրականում սեփականել  մշակութային եւ կրոնական արժեք ներկայացնող Դավիթ Գարեջիի վանական համալիրը: