Իսրայելի պաշտպանության նախարարը ուկրաինացի իր գործընկերոջ հետ զրույցից հետո թույլատրել է սաղավարտներ եւ ժիլետներ մատակարարել Ուկրաինայի փրկարար ծառայություններին, հայտնում է Reuters-ը։

«Ուկրաինական կողմի խնդրանքով Իսրայելը պաշտպանական սարքավորումներ կտրամադրի ուկրաինացի փրկարարների եւ վթարային-փրկարարական ծառայությունների կարիքների համար»,- ասվում է Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան հայտարարության մեջ, որը կրկնում է իսրայելցի պաշտոնյայի խոսքերը:

Ե՛վ իսրայելցի, եւ՛ ուկրաինացի պաշտոնյաներն ընդգծել են, որ բեռը նախատեսված է փրկարար ծառայությունների եւ քաղաքացիական կազմակերպությունների համար։

Ուկրաինան նախկինում հիասթափություն էր հայտնել Իսրայելի կողմից Ռուսաստանի դեմ պաշտպանական օգնություն տրամադրելուց հրաժարվելու կապակցությամբ: Վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել էր, որ Իսրայելի «հավասարակշռված եւ պատասխանատու մոտեցումը» թույլ է տալիս նրան լինել «վստահելի խաղացող, այն քչերից մեկը, որը կարող է անմիջականորեն շփվել երկու կողմերի հետ եւ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել»: