ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

«Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը՝ կարեւորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ամրապնդման երաշխիք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: