Մեծ Բրիտանիան Հնդկաստանին կառաջարկի ակտիվացնել պաշտպանական համագործակցությունը՝ աջակցություն տրամադրելով սեփական կործանիչների ստեղծման եւ պաշտպանական տեխնիկայի ավելի արագ մատակարարման գործում, հայտնում է Reuters-ը։

Վարչապետի պաշտոնում Նյու Դելի կատարած իր առաջին այցի ընթացքում Բորիս Ջոնսոնն իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիի հետ կքննարկի առեւտրի եւ անվտանգության կապերի զարգացման ուղիները:

«Սա շատ բարենպաստ պահ է երկու ժողովրդավարական երկրների հարաբերությունների եւ բարեկամության մեջ,- ասել է Ջոնսոնն այն բանից հետո, երբ Մոդին բանակցություններից առաջ նախագահական պալատում ողջունել է նրան:- Չեմ կարծում, որ հարաբերությունները երբեւէ այսքան լավ են եղել»:

Այդ ջանքերը հետեւում են անցյալ ամիս Հնդկաստանին Ռուսաստանից օտարելու ԱՄՆ-ի փորձին՝ պաշտպանական եւ էներգակիրների վաճառքն ավելացնելու սեփական առաջարկով, այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանին «որոշ չափով անվստահ էր» անվանել Ռուսաստանի դեմ իր գործողություններում:

Բրիտանիան հուսով է, որ Արեւմուտքի հետ անվտանգության սերտ կապերի իր առաջարկը կխրախուսի Հնդկաստանին հեռվանալ Ռուսաստանից:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ նախատեսում է աջակցել սեփական կործանիչներ կառուցելու Հնդկաստանի վաղեմի նպատակին՝ թանկարժեք ռազմական տեխնիկայի ներմուծումը կրճատելու համար: Հնդկաստանն ունի ռուսական, բրիտանական եւ ֆրանսիական կործանիչներ։

Մեծ Բրիտանիան Հնդկաստան այսպես կոչված բաց ընդհանուր արտահանման լիցենզիա կտրամադրի՝ պաշտպանական նշանակության ապրանքների մատակարարման ժամկետը կրճատելու համար: Ջոնսոնի խոսքով՝ ներկայումս այդպիսի լիցենզիաներ ունեն միայն Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները:

Անվտանգության ավելի սերտ կապերի առաջարկը նաեւ ավելի շատ համատեղ զորավարժությունների եւ սպաների փոխանակման կհանգեցնի:

Թեեւ Բրիտանիայի՝ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության առաջարկը ողջունելի է, Հնդկաստանը կշարունակի ապավինել ռուսական ռազմական տեխնիկային՝ մասամբ այն պատճառով, որ այն ավելի էժան է, ասել է Նյու Դելիի Քաղաքական այլընտրանքների կենտրոնի տնօրեն Մոհան Գուրուսվամին:

Ջոնսոնը եւ Մոդին կքննարկեն նաեւ առեւտուրը, քանի որ նրանք փորձում են համաձայնության գալ մինչեւ երկու երկրներում 2024 թվականի համընդհանուր ընտրությունները:

Բրիտանական տվյալները ցույց են տալիս, որ Հնդկաստանի հետ Մեծ Բրիտանիայի առեւտուրը 2019 թվականին 23 միլիարդ ֆունտ (29.93 միլիարդ դոլար) է կազմել, ինչը փոքր գումար է հարեւան Իռլանդիայի հետ առեւտրի համեմատ, որտեղ մոտ 4 միլիոն մարդ է ապրում:

Ցանկացած առեւտրային գործարք, հավանաբար, կախված կլինի Մեծ Բրիտանիա մեկնող հնդիկ ուսանողների եւ մասնագետների համար կանոնների մեղմացումից եւ ուսման վարձի կրճատումից:

Ջոնսոնը հասկացրել է, որ պատրաստ է ավելի զիջող լինել այս հարցում՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան հարյուր հազարավոր աշխատողների զանգվածային պակասի է բախվում, հատկապես՝  այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները: