Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 25-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, սահմանազատման եւ սահմանագծման, ադրբեջանական կողմի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցերը։
«Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի պատրաստման համար ադրբեջանական պատվիրակության եւ երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գծով Ադրբեջանի Ազգային հանձնաժողովի կազմը որոշված է։ Նա նշել է, որ մեր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին։
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի շուրջ»,- տեղեկացրել է աղբյուրը։




























