Ղազախստանի Սահմանադրության մեջ փոփոխություններով աշխատանքային խումբը քննարկում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին «անկախ Ղազախստանի հիմնադրի» կարգավիճակ շնորհելու հնարավորությունը, հայտնում է NUR պորտալը։

«Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահն անկախ Ղազախստանի հիմնադիրն է, այսինքն՝ այդ կարգավիճակը կսահմանվի։ Կարծում եմ՝ այդ կարգավիճակը մեծ նշանակություն կունենա, քանի որ այն արժանիքները, այն օբյեկտիվ փաստը, որ կա (...), կամրագրվի Սահմանադրությամբ»,- նշել է աշխատանքային խմբի անդամ Երմեք Աբդրասուլովը։

Նուրսուլթան Նազարբաեւը նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել 2019 թվականի մարտին: Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 1991 թվականից։ Ընդ որում, քաղաքական գործիչն օժտված է ազգի առաջնորդի կարգավիճակով (այս մասին առանձին օրենք կա) եւ շարունակում է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի անդամ մնալ։ Նազարբաեւը Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին փոխանցել էր 2022 թվականի հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։