Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Հարթակում են գտնվում Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, արմատական ընդդիմադիր ուժին անդամակցող կուսակցությունների առաջնորդները:

Հանրահավաքին սպասվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նշենք, որ ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքը կայացել է հունիսի վերջին:

Ի դեպ, հանրահավաքն ընթանում է աննախադեպ շոգ եղանակի պայմաններում:

Այդ մասին հիշեցրեց նաեւ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա հանրահավաքը լինելու է ամենաշոգը Հայաստանի պատմության մեջ»,- ասաց նա:

«3 տարի առաջ ձեւավորվեց ՀԱԿ-ը: Այսօր մամուլում շատ հրապարակումների կարելի է հանդիպել, թե ինչ տվեց Կոնգրեսի գործունեությունը Հայաստանում: Հղում կատարենք միայն փաստերին: 3 տարի առաջ կային 100 քաղբանտարկյալներ, այսօր չկա, որեւէ քաղբանտարկյալ: Ազատության հրապարակը բանտված էր, այսօր ազատ է: Դա ՀԱԿ-ի գործունեության արգասիքն է: Իշխանությունը փորձում էր փակել մարտի 1-ի էջը, բայց ՀԱԿ-ի ճնշման տակ ստիպված էր բացել:

3 տարի մահակներով, ավտոմատներով էր խոսում ժողովրդի հետ, այսօր հագել են «կաստըմ» եւ «գալուստուկ» եւ երկխոսում են ժողովրդի հետ: Դա ՀԱԿ-ի գործունեության արգասիքն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ն ունի վճռական առաջնորդ, եւ որեւէ մեկը թող չկասկածի, որ ժողովուրդը նրա ղեկավարությամբ հասնելու է հաղթանակի: «Ավազակապետությունը պետք է քանդվի, երկխոսությամբ թե առանց երկխոսության, դա իրենց ընտրության հարցն է:  Մենք մեր ընտրությունը կատարել ենք»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ Հուլիսի 18-ին ՀԱԿ-ն ու կոալիցիոն կուսակցություններն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, իսկ հերթական երրորդ հանդիպումը ծրագրված է օգոստոսի 4-ին: ՀԱԿ-իշխանություն երկխոսության օրակարգում է նաեւ արտահերթ ընտրությունների հարցը: