Չորեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

«Բանակցությունների ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումների մասին»,- ընդգծել են գրասենյակից։

Երկուշաբթի օրը Գուտերեշն Անկարայում հանդիպել էր Էրդողանի հետ։ Երեքշաբթի նա Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ընդունվել էր ՌԴ նախագահի կողմից։ Չորեքշաբթի Գուտերեշը դեպի Ուկրաինա ճանապարհին լեհական Ժեշուվ քաղաք ժամանելուն պես հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, եւ, ինչպես պասվում է, կմեկնի Ուկրաինա, որտեղ կհանդիպի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի եւ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Կիեւի հիմնական ծրագիրը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 28-ին։ Գուտերեշի շփումների հիմնական թեմաներն էին հրադադարի հաստատման դիվանագիտական ​​ջանքերը եւ մարդասիրական օգնության կազմակերպումը ՄԱԿ-ի հովանու ներքո, առաջին հերթին՝ Մարիուպոլում։