Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդգծել է, որ հանդես է գալիս մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։
«Մեր վերլուծությունների համաձայն՝ անմիջական վտանգ չկա, համենայն դեպս աջ ափին գտնվող քաղաքացիների համար, չկա։ Այս մասին կարող ենք մեծ վստահությամբ խոսել, քանի որ այստեղ մեր հաստատությունները մուտք ունեն, կարող են ապահովել հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ Ես մեծ հույս ունեմ, որ ձախ ափին քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու փորձեր նույնպես չեն լինի»,- Jurnal TV հեռուստաալիքով Secretele puterii հաղորդման եթերում ասել է նախագահը։
Երկրի ղեկավարը մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը, թե Ուկրաինան «կարող է գրավել Մերձդնեստրը», եթե Մոլդովան դիմի։
«Մենք կապ ենք պահպանում միջազգային գործընկերների հետ, օգտագործում ենք մեր դիվանագիտական հարաբերությունները՝ հնարավոր ռիսկերը բացահայտելու համար։ Նրանք այցով գալիս են մեզ մոտ։ Այսօր նաեւ մի քանի հեռախոսազանգեր են եղել։ Բոլորն անհանգստացած են։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող վերահսկել բոլոր սցենարները, քանի որ կան բաներ, որոնք կարող են տեղի ունենալ՝ չնայած մեր ձեռնարկած միջոցներին։ Մենք նույնպես նման իրավիճակների պլաններ ունենք, բայց այս պահին անմիջական վտանգ չկա։ Ես սա ասում եմ մեծ վստահությամբ, հատկապես աջ ափի համար»,- ասել է Սանդուն, հաղորդում է NewsMaker.md-ը:





























