2022 թվականի ապրիլի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ, հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Կողմերը բարձր են գնահատել տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, հումանիտար եւ այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները։ Գոհունակությամբ նշվել է իրանա-ադրբեջանական տնտեսական, առեւտրային եւ հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի գործունեությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը՝ բազմակողմ եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Միաժամանակ, Ամիր Աբդոլլահիանը քննարկել է երկու երկրների միջեւ ցամաքային սահմանների բացման հարցը, որոնք փակվել են կորոնավիրուսի բռնկման պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























