Շվեդիան դեռ որոշում չի կայացրել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: Այս մասին ուրբաթ Հելսինկիում հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։

«Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով որոշում դեռ չի կայացվել։ Հարցի քննարկումը խորհրդարանում դեռ շարունակվում է, եւ դաշինքին միանալու գործընթացը տարբերվում է ֆիննականից»,- նախարարին մեջբերում է ֆիննական MTV հեռուստաալիքը։ Այդպես է նա մեկնաբանել  հարցը՝ արդյո՞ք Ստոկհոլմը նախատեսում է դիմել ՆԱՏՕ-ին Հելսինկիի հետ միաժամանակ:

Լինդեն նշել է, որ դաշինքին միանալու հեռանկարների վերաբերյալ նախնական աշխատանքները Շվեդիայում կավարտվեն մինչեւ մայիսի 13-ը։ Այսինքն՝ մինչ Ստոկհոլմի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի պաշտոնական դիմումի «հնարավոր ներկայացման» ամսաթիվը։ Արտգործնախարարը նաեւ ասել է, որ «Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու որոշումը մեծապես ազդել է այս հարցով շվեդական» տեսակետի վրա։

Ապրիլի սկզբին ակտիվացան բանավեճերը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության շուրջ։ Դաշինքի հիմնական անդամները պաշտպանում են այդ հեռանկարը։ Ֆինլանդիայում խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն հանդես է եկել դաշինքին միանալու օգտին: Բացի այդ, երկրի բնակիչների մոտ 65 տոկոսը եւս դրական է գնահատում այդ հեռանկարը, վկայում են Helsingin Sanomat թերթի պատվերով ապրիլի 28-ին հրապարակված հարցման արդյունքները։ Շվեդիայում այս հարցի շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են, Ստոկհոլմը տեսնում եւ փորձում է գնահատել անդամակցության ռիսկերն ու խնդրահարույց կողմերը:

Ըստ ամերիկյան կողմի՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու հարցը կարող է քննարկվել Իսպանիայում հունիսի 29-30-ը կայանալիք դաշինքի հաջորդ գագաթաժողովին: