Այս իշխանությունն Ալիեւով շարունակում է վախեցնել ժողովրդին՝ ասելով, որ իրենց հեռացումից հետո լինելու է պատերազմ, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե սրանք մնան, կտոր առ կտոր կորցնելու ենք Արցախը, Հայաստանը եւ հայոց պետականությունը։ Պատերազմը եւ պատերազմի արդյունքը դատավճիռ չէ։ Շատ երկրներում են եղել պատերազմներ, բայց որեւէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել․ կամ ինքնասպան է եղել կամ ժողովուրդն իրեն հեռացրել է։ Եթե գա ազգային իշխանություն, որը կունենա կամք եւ վճռականություն, մտածի, որ ելք կա, մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը։ Նոր իշխանությունը պետք է խոսի եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, բայց պետք է ոչ թե գնա ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ գնա ու պաշտպանի իր երկրի ու ժողովրդի շահերը»,- նշեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել նաեւ արտակարգ հարաբերությունների ոլորտում։

«Այս մարդն անկանխատեսելի է։ Այս մարդը ժուլիկությամբ գնում է Բրյուսել, մի բան է ասել, գնում է Մոսկվա, այլ բան է ասում, Արեւմուտքին ու Միացյալ Նահանգներին այլ բան է ասում, վերջում էլ Հայաստանում Անվտանգության նիստ է հրավիրում եւ ասում մեկ այլ բան։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տվել, որ կարող է շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ մեր թիվ մեկ ռազմավարական եւ դաշնակցային գործընկեր Ռուսաստանի հետ, հարեւաններ Վրաստանի եւ Պարսկաստանի հետ, նաեւ ԱՄՆ-ի հետ։ Այս առումով կա շատ մեծ ռեսուրս միջազգային համագործակցության, ռազմավարական գործընկերոջ շատ ավելի կայուն հարաբերություններ հաստատելու համար»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։