Բոլորիս առաջնորդողը հայրենիքի փրկության գաղափարն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ընդդիմությունն ունի՞ վարչապետի իր թեկնածուն։

«Այսօր մեր քաղաքացիներից որեւէ մեկը չի գալիս հրապարակ ինձ կամ որեւէ քաղաքական ուժի իշխանության բերելու համար։ Մարդիկ այսօր դուրս են եկել փողոց, որովհետեւ հասկանում են իրենց պետականությունը կորցնում են։ Սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության կամ առաջնորդի կառավարություն։ Դա լինելու է արժանիների կառավարություն, պրոֆեսիոնալ կառավարություն, որը ձեւավորվելու է պայքարի մասնակցած ուժերի կողմից։ Այն անձը, որը լինելու է վարչապետ, պետք է ունենա լայն հանրային վստահություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ինքն առաջադրվի վարչապետի պաշտոնի համար, Սաղաթելյանն ասաց. «Ես այս պայքարին դուրս չեմ եկել վարչապետ դառնալու համար, ես պայքարի դուրս եմ եկել, որպեսզի Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա, որովհետեւ եթե այսպես շարունակվի Հայաստան չի լինելու, որ մի հատ էլ վարչապետ ունենա»։