Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւորները, որոնց ուղերթը շաբաթ օրը Վրաստանում երկաթուղու վթարի պատճառով հետաձգվել էր, մինչ դատարան դիմելը փոխհատուցման պահանջով պատրաստվում են դիմել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, ըստ որում` ոչ միայն այստեղ գտնվող գրասենյակին, այլեւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, որի ենթակայությամբ գործում է «Հարավկովկասյան երկաթուղին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւոր, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը:
«Դիմենք իրենց, գուցե բավարարում են, չնայած կասկածամտությամբ ենք վերաբերում: Երբ մեզ դիմավորեցին, մենք ասացինք, որ պատրաստվում ենք դատարան դիմել: Իրենք չեն ընդունում, որ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել եւ չեն պարտավորվում որեւէ փոխհատուցում տրամադրել, իրենք ասում են, որ այդ ամենը չափազանցված է»,- պատմեց Լիանա Դոյդոյանը: Նա նշեց, որ դեռ չեն որոշել, թե ինչքան գումար են պահանջելու` որպես փոխհատուցում, մի շարք իրավական հարցեր դեռեւս պետք է հստակեցվեն: NEWS.am-ը փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ նաեւ «Հարավկովկասյան երկաթուղուց», մասնավորապես` մտադի՞ր են արդյոք նրանք փոխհատուցել ուղեւորներին: «Հարավկովկասյան երկաթուղու» հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նախեւառաջ ուղեւորները պետք է պաշտոնապես դիմեն «Հարավկովկասյան երկաթուղի», որից հետո իրենք կքննարկեն հարցը, կուսումնասիրեն իրավիճակը եւ վերջնական եզրակացության կգան. «Ուղեւորները, որոնք կազմակերպել են այդ գործընթացը, դեռեւս չեն դիմել ընկերություն, դիմելուց հետո մենք որոշում կկայացնենք»,- նշեց Վահե Դավթյանը: Նրա խոսքով` երբ իրենք Երեւանում դիմավորեցին ուղեւորներին, նրանցից ոմանք շնորհակալական խոսքեր են հայտնել Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ուղեորներին Երեւանում դիմավորելիս նրանց ասել էին, թե չեն փոխհատուցելու, Վահե Դավթյանը նշեց, որ պաշտոնական նման բան չի եղել, դա պարզապես խոսակցություն էր նրանց որոշ ներկայացուցիչների հետ: «Կխնդրեի ըմբռնումով վերաբերել այն օբյեկտիվ պատճառներին, որոնց հետեւանքով նման վթարներ են տեղի ունենում ոչ միայն երկաթուղում, այլեւ տրանսպորտային համակարգում: Շատ օպերատիվ եւ մասնագիտորեն գործեցին Վրաստանի մեր գործընկերները, քանի որ վթարը, իրոք, սարսափելի էր»,- նշեց նա: Ոչինչ չբացառելով` Վահե Հակոբյանը, այնուամենայնիվ, զերծ մնաց գնահատական տալուց, թե որքանով է օբյեկտիվ ուղեւորների` փոխհատուցում ստանալու պահանջը: «Կան ոչ ստանդարտ իրավիճակներ, այնուամենայնիվ, չնայած խնդիրներին, մեզ հաջողվեց դուրս գալ իրավիճակից, վերջիվերջո, ուղեւորներին անվտանգ բերեցին հասցրին Երեւան: Անշուշտ, կային ինչ-որ բացթողումներ, որոնց շուրջ մենք պետք է զրուցենք, հասկանանք եւ համապատասխան եզրակացություն կայացնենք»,- նշեց նա: Ի դեպ, նրա խոսքով, նման դեպք «Հարավկովկասյան երկաթուղում» չի եղել: Տեղեկացանք նաեւ, որ այժմ Երեւան-Բաթումի-Երեւան ուղերթը գործում է առանց որեւէ խափանման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր այս խնդրին, մասավորապես` մեր խմբագրություն ահազանգած Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւոր Լիանա Դոյդոյանը պատմել էր, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են հայտնվել եւ նշել, որ ստորագրահավաք են սկսել եւ պատրաստվում են դիմել դատարան` նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով:




























