Կառավարող կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունները պայմանավորվել են շաբաթը երկու անգամ հանդիպելու մասին: Այդ մասին այսօր` օգոստոսի 4-ին կայացած հերթական հանդիպումից հետո լրագրողներին հայտնել են պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը (իշխող կոալիցիա) եւ Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ): Հանդիպումները կայանալու են երեքշաբթի եւ ուրբաթ օրերը, ժամը 12-ին:

Հարությունյանի խոսքով, հանդիպման ընթացքում ընդդիմության առաջ քաշած երկու հարցերի շուրջ բովանդակային քննարկումներ չեն տարվել: «Քննարկվել են տրանսպորտի խնդիրները, նաեւ ոստիկանոււթյան հետ կապված միջադեպը»,- հավելել է Դավիթ Հարությունյանը: Այդ հարցերը, ըստ նրա քննարկվելու են, իսկ եզրակացությունները` ներկայացվելու:

Նա նշել է, որ ընդդիմության հետ երկխոսությունը պետք է կրի ազատ կամարտահայտման բնույթ եւ չի կարող տեղավորվել ծայրահեղ ժամկետների մեջ, որ նշում է ընդդիմությունը: Նշենք, որ օգոստոսի 2-ին կայացած հանրահավաքում կոնգրեսի ղեկավարները, նշել են, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների համաձայնություն ձեռք չբերվի, երկխոսության բոլոր հնարավորությունները սպառված կհամարվեն: «Եթե կողմերից մեկը ծայրահեղ ժամկետ է դնում, մենք մեր կողմից չենք դնում եւ պատրաստ ենք համատեղ աշխատանքի»,- ամփոփել է կառավարող կոալիցիայի պատվիրակության ղեկավարը:

Իր հերթին ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանության վարքը խորացնում է երկխոսության պատրանքային բնույթի կասկածները:

«Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եւ մյուս հեռուստաալիքներով ՀԱԿ-ի հանրահավաքների մասին նյութերի հեռարձակման արգելքի հանումը, նաեւ հանրահավաքների նախօրեին բնակչության ահաբեկումները եւ ուղեւորատար տրանսպորտի կաթվածահար անել դադարեցնելը ցանկացած օրինապահ կառավարության պարտականությունն է: Բայց անգամ երկխոսության պայմաններում կառավարությունը շարունակում է արհամարհել Սահմանադրությունն ու օրենքները, խախտում է քաղաքացիների իրավունքները, այդ թվում` ազատ տեղաշարժման իրավունքը»,- հայտարարել է Զուրաբյանը: Նա հիշեցրել է, որ իրենք պարզաբանումների են սպասում ընդդիմության ակտիվիստների վրա ոստիկանական հարձակման, եւ հանրահավաքից առաջ միջքաղաքային տրանսպորտի նորմալ աշխատանքի խաթարման փաստերի վերաբերյալ:

«Եթե բանակցությունների սեղանին նստած կոալիցիան չի կարող անգամ դա անել, ինչպես կարելի է համաձայնություն սպասել երկրի համար ճակատագրական հարցերի շուրջ, որոնք ավելի մեծ խիզախություն եւ կամք են պահանջում»,- ասել է Զուրաբյանը: Նա չի բացառել, որ ՀԱԿ-ը կարող է դուրս գալ բանակցություններից, եթե իշխանությունները շարունակեն նույն կերպ վերաբերել իերնց պահանջներին: