Միգրացիայի  միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) աջակցում է ՀՀ կառավարությանը միգրացիայի տվյալների հավաքագրման գործում: Այսօր` օգոստոսի 4-ին ՄՄԿ-ն ներկայացրել է մի զեկույց, որը միտված է օգնելու ՀՀ կառավարությանը ձեւակերպել միգրացիոն տվյալների կառավարմանն ուղղված ազգային քաղաքականությունը:

«Միգրացիոն տվյալների հավաքագրման, մշակման եւ փոխանակման կատարելագործումը ՀՀ-ում. կարիքների գնահատում եւ առկա բացերի վերլուծություն» զեկույցը պատրաստվել է ՄՄԿ-ի «Անկանոն միգրացիայի կանխարգելում եւ կանոնավոր միգրացիայի խթանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարության կողմից: 

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ թեեւ ՀՀ-ում հավաքագրվում են մեծածավալ տվյալներ միգրացիայի բնագավառում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ստեղծել միգրացիոն տվյալների հավաքման եւ փոխանակման կայուն եւ փոխկապակցված համակարգ, որը կարտացոլի միգրացիոն վիճակագրության վարման ազգային կարիքները, տարածաշրջանային առաջնահերթությունները եւ առաջատար միջազգային փորձը:

Զեկույցը պատրաստվել է ՀՀ Կառավարության, եւ մասնավորապես ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հետ համագործակցությամբ: 

Միգրացիոն տվյալների կառավարման ոլորտում ՄՄԿ-ի տեխնիկական աջակցությունը բազմակողմանի է: Այսպես 2011թ. օգոստոսի 4-ին Երեւանում մեկնարկել է «Միգրացիոն տվյալների հավաքագրում, մշակում եւ փոխանակում» թեմայով դասընթաց, որը կազմակերպվում է ԵՄ ֆինանսավորմամբ:  Դասընթացը վարելու համար հրավիրված միջազգային փորձագետները կմասնակցեն նաեւ ՀՀ պետական մարմինների հետ խորհրդակցությունների «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման ռազմավարության» իրականացման գործողությունների ծրագրիե միգրացիոն տվյալների բաժնի մշակման թեմայով: 

ՄՄԿ ծրագրում է նաեւ տրամադրել տեխնիկական աջակցություն 2012 թ.-ին անցկացվելիք միգրացիայի ոլորտում համապետական հարցմանը: