Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 4-ի նիստում հավանություն է տվել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով մեղմացվում են բնակարան ձեռք բերելու համար նրանց տրամադրված վարկերի պայմանները:
Նշենք, որ դեռեւս 2000 թվականից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր են տրամադրվում բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Սոցիալական վիճակը վարկառուներին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում մարել ստացած վարկը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրենքի նախագծի ընդուման դեպքում վարկերը համապատասխան գրավի դիմաց կտրամադրեն առեւտրային բանկերը, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկը, իսկ տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։
«Պետության խնդիրն է օժանդակել բռնադատվածներին, եւ այդ օժանդակությունն այն է, որ վարկերը լինեն անտոկոս: Պետությունը շուկայական տոկոսն ամբողջությամբ պատրաստ է հատուցել, որն էապես հասանելի է դարձնում վարկերը, որովհետեւ առեւտրային բանկերի համար ավելի հեշտ է կառավարել վարկային ռիսկերը, քան ֆինանսների նախարարության կամ այլ նախարարություների համար։
Մենք վարկային ռիսկեր չենք կարող կառավարել, իսկ օրենքն ասում է, որ վարկը մենք ենք տրամադրելու։ Որպեսզի այդպիսի ռիսկերը կտրուկ նվազեցնենք, մենք ասում ենք, որ այսուհետեւ վարկային տոկոսադրույքները կլինեն զրոյական։
Պետությունն ամբողջությամբ կտա այդ տոկոսները, ինչքան էլ որ դրանք համապատասխանեն շուկայական տոկոսադրույքներին»,- ասել է վարչապետը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։



























