Օգոստոսի 2-ին արեւի վրա տեղի ունեցած բռնկման արդյունքում, օգոստոսի 4-ին եւ 5-ին երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում:
Այս կապակցությամբ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մագնիսական փոթորկի ազդեցությունը շատ ավելի մեծ է բարձր լեռնային վայրերում, իսկ դրա ազդեցությունը վտանգավոր է հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Նրա խոսքով, մագնիսական փոթորիկն ազդում է հատկապես երկրային իոնոսֆերայի վրա, որի հետ կապված երկրի մագնիսական դաշտը տատանումներ է ունենում, որոնք կարող են երկրի վրա հետեւանքներ թողնել:
«Առաջիկայում 2013- 2014թթ. արեւի ակտիվության 11- ամյա ցիկլը (տարբերաշրջանը) կրկնվելու է, որի հետ կապված նման բռնկումները ավելի ուժեղ են նկատվում եւ դրանք հնարավոր է դառնում կանխատեսել»,-ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ նման երեւույթներ արեւի վրա ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, պարզապես այժմ այդ ամենի մասին մարդիկ ավելի տեղեկացված են։
«Այս ոլորտն իրական հետազոտության կարիք ունի, ինչի արդյունքում հնարավոր կլինի ոչ թե գուշակել հնարավոր մագնիսական փոթորկի մասին, այլ մարդկանց ավելի կոնկրետ նախազգուշացնել երկրի վրա հնարավոր մագնիսական դաշտի սպասվող փոփոխությունների մասին»,-ասաց Ա. Միքայելյանը։
Նա նշեց նաեւ, որ Արեւի բռնկման արդյունքում Երկրի բեռեռներում մագնիսական փոթորիկը ավելի ուժեղ է, իսկ Հայաստանում դրա ազդեղությունը համեմատաբար ավելի քիչ է։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ օգոստոսի 4-ին եւ 5-ին երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում։




























