Ուկրաինայում հարթ չի ընթանում «գազի գործով» դատական գործընթացը, որի շրջանակներում երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանդես է գալիս որպես մեղադրյալ:

Դատարանում պարզվել է, որ Տիմոշենկոն «չի հասկանում ռուսերեն»:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», երբ հերթական վկան` ներկա վարչապետ Նիկոլայ Ազարովը սկսել է վկայություններ տալ ռուսերենով, Տիմոշենկոն հայտարարել է. «Ես ռուսերեն չեմ հասկանում... վարչապետի համար թարգմանիչ ապահովեք, ով չի կարողանում խոսել ուկրաիներեն»:
Ռուսական Lenta.ru-ն հիշեցրել է, որ Տիմոշենկոն (աղջկական ազգանունը Գրիգյան) մեծացել է Դնեպրոպետրովսկում` ռուսախոս միջավայրում եւ երկար տարիներ խոսել է ռուսերեն: Պարբերականը նաեւ ներկայացրել է YouTube-ի մի տեսանյութ, որտեղ Տիմոշենկոն խոսում է ռուսերեն:

Ակնհայտ է, որ Տիմոշենկոն փայլուն տիրապետում է ռուսերենին, սակայն որպես Ուկրաինայի իրական քաղաքացի եւ նախկին պաշտոնյա նա նպատակահարմար է գտնում Ուկրաինայի պետական հաստատություններում լսել միայն մայրենի լեզուն, որով էլ պայմանավորված է նրա թարգմանիչ հրավիրելու պահանջը: