Թուրքական դիվանագիտական աղբյուրները հաստատել են, որ Իրանից Սիրիա զենքի մատակարարումը կանխվել է Թուրքիայի կողմից: Այդ մասին հաղորդում է թուրքական «Զաման» թերթը:

Թերթի անանուն աղբյուրները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել 2,5 ամիս առաջ Քիլիսի հարավ-արեւելյան հատվածում: Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունն արդեն գիտեր բեռների փոխադրման մասին:

Թուրքիայի պաշտոնական դեմքերն ասել են, որ նախնական տրանսպորտային փաստաթղթերում խոսվում էր «զենքի համար պահեստամասերի փոխադրման մասին», երբ իրանցիները հայտարարագրում են դրանք մաքսակետով մեկնելիս: Մինչդեռ թուրքական պաշտոնյաները կասկածել են, որ փոխադրումը կարող է խախտել ՄԱԿ-ի` զենքի մատակարարման վերաբերյալ էմբարգոն, որն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, եւ որոշել են բռնագանձել պարունակությունը:

Նույն աղբյուրի խոսքով, քանի որ թուրքական օրենքի եւ դրան համապատասխան հռչակագրի ակնհայտ խախտումներ չեն եղել, վարորդները եւ բեռնատարները կամ ազատ են արձակվել, կամ էլ պետք է ազատ արձակվեին: Մինչդեռ մեքենաներում գտնվող պարունակությունը պահվել է ապահով վայրում:

Հինգշաբթի օրը` օգոստոսի 4-ին, իսրայելական ynetnews.com կայքը հայտնել էր, որ Թուրքիան կանխել է զենքի մատակարարումը Սիրիա: Անանուն դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ զենքը նախատեսված էր «Հեզբոլլահի» համար, հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը: