«Իշխանությունը երկխոսում է երկխոսելու համար կամ ժամանակ է ձգում, մենք դա լավ ենք հասկանում»,-այսօր` օգոստոսի 5-ին Գյումրիում ՀԱԿ-ի տարածքային գրասենյակում գընդդիմության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Հարցին, թե այս ամենը հասկանալով, ինչո՞ւ է ՀԱԿ-ը շարունակում բանակցությունները, Շահնազարյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ը շարունակում է երկխոսության գնալ միայն բանակցային էթիկայից ելնելով, բայց իշխանություններին ժամանակ են տվել, մինչեւ սեպտեմբեր: «Մենք հնարավորություն ենք տվել իշխանություններին: Հասկացան` լավ, չհասկացան` մենք կգնանք արտահերթ ընտրությունների ժողովրդական զանգվածների ճնշման տակ»,-ասել է Դավիթ Շահնազարյանը:
Լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ են ՀԱԿ-ի ակտիվիստները համոզված, որ Կոնգրեսը կունենա իր կողքին ժողովրդական նույն զանգվածներն ու ալիքը, ինչ կար 2008-ին, ընդդիմադիր գործիչն արձգանքել է. «Մենք տիրապետում ենք բոլոր տեխնոլոգիաներին եւ կարող ենք այնպես անել, որ 2008-ից էլ շատ մարդ հավաքվի: Լեւոն Տեր Պետրոսյանը 2008-ին խոստացել էր, որ մենք ապրելու ենք բոլորովին այլ Հայաստանում: Մենք այդ խոստումը կատարված ենք համարում, հիմա մեր ժողովուրդը քաղաքականապես ավելի հասուն է, քան մեր իշխանության ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ մենք բոլորովին ուրիշ Հայաստանում ենք ապրում»,-հայտարարել է Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, ըստ որի, արտահերթ ընտրություններ կլինեն, եթե կրկնվի 1998-ի սցենարը եւ եթե անգամ արտահերթ ընտրություններ լինեն, ՀԱԿ-ի շանսերը մեծ չեն, Դավիթ Շահնազարյանն արձագանքել է. «Ես Գալուստ Սահակյանին ու մյուսներին լուրջ չեմ վերաբերվում, քաղաքական օրակարգը ձեւավորվում է ոչ թե նրանց կաբինետներում, այլ` Ազատության հրապարակում»:




























