Բրիտանացին եւ գերմանացին, որոնց ուղեբեռում հնագույն խեցեղեն է հայտնաբերվել, կիրակի Իրաքում իրենց դեմ սկսված դատավարության ժամանակ հայտարարել են, որ օրենքը խախտելու մտադրություն չեն ունեցել, տեղեկացրել է AFP-ն։

66-ամյա բրիտանացի երկրաբան Ջեյմս Ֆիթոնը եւ 60-ամյա գերմանացի հոգեբան Ֆոլքեր Վալդմանը բերվել են Բաղդադի դատարան բանտարկյալների դեղին հագուստով։ Տղամարդիկ կալանավորվել էին մարտի 20-ին Բաղդադի օդանավակայանում։

Դատավորը հայտարարել է, որ նրանք մեղադրվում են 2002թ. օրենքով, որը նախատեսում է պատիժ (ընդհուպ մինչեւ մահապատիժ) նրանց համար, ովքեր մեղավոր են «Իրաքից հնագույն իրերը միտումնավոր դուրս տանելու» մեջ։

Մաքսատան աշխատակիցների եւ վկաների ցուցմունքների համաձայն՝ Ֆիթոնի ուղեբեռում եղել է մոտ տասներկու խեցե իր։ Վալդմանն իբր երկու կտոր խեցի է ունեցել, բայց հերքել է, որ դրանք պատկանել են իրեն։ Դատաքննությունը կշարունակվի մայիսի 22-ին։