Կառավարությունը Շիրակի մարզում անօթեւանության հիմնախնդիրը լուծելու վերջնաժամկետ է սահմանել 2013 թվականը: Կոնկրետ Շիրակի մարզում որոշվել է անօթեւանների բնակարանային հարցը լուծել բնակարանաշինության միջոցով: Սակայն բնակբաշխումից հետո դեռ 1000-ից ավելի ընտանիք անտուն կմնա:
Շիրակի մարզպետարանից բնակարանաշինության վարչության մասնագետների տվյալներով`անօթեւանության հերթացուցակից դուրս մնացած անօթեւան մյուս ընտանիքների բնակարանային հարցը դեռ կոնկրետ որոշված չէ, թե ինչպես է լուծվելու: Նախնական տվյալներով հնարավոր է , որ հաջորդ տարի Շիրակի մարզում վերսկսվի ԲԳՎ ծրագրի գործունեությունը: Այն ըստ մասնագետների ավելի էժան ու հարմար տարբերակ է համարվում, միայն թե անօթեւանների համար ոչ ձեռնտու:
Շիրակի մարզում փոքր թիվ չեն կազմում կարգավիճակ ու տուն չունեցող ընտանիքները: Նրանց թիվը հասնում է 3 հազարի: Անօթեւանի կարգավիճակ չունեցող այդ ընտանիքների համար պետությունը որեւէ ծրագիր առայժմ չունի:
Անօթեւանի կարգավիճակ չունեցող շատ ընտանիքներ ապրում են Գյումրիի «Շատրվաններ» կոչվող թաղամասում: Նրանց հիմնական մասը նախկինում վթարային շենքերի բնակիչներ են եղել, բայց արդեն 20 տարի տնակներում են ապրում: Նրանց կողքին ապրում են նաեւ երկրաշարժի ժամանակ տուն կորցրած, բայց անօթեւանության հերթացուցակից դուրս մնացած մի քանի ընտանիքներ:




























