Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է լրացված իրականության ակնոցի նախատիպը, որը կարող է ավտոմատ կերպով արտասահմանյան խոսքը թարգմանել գաջեթի օգտատիրոջը ծանոթ լեզվով: Նորույթի մասին պատմել է TechCrunch պարբերականը:

AR-ակնոցը ցուցադրվել է Google I/O 2022 ծրագրավորողների գարնանային շնորհանդեսի ժամանակ: Միեւնույն ժամանակ ընկերությունը դեռեւս չի հաստատել՝ արդյոք նախատիպը լիարժեք գաջեթի կվերածվի, թե ոչ:

Ակնոց-թարգմանիչն արտաքինից սովորական ակնոցի տեսք ունի. այն բաղկացած է շրջանակից եւ ոսպնյակից: Միեւնույն ժամանակ դրանք համալրված են էկրաններով ու տեսախցիկով: Գաջեթն օտար լեզվով հնչող խոսքը վերածում է տեքստի եւ ցուցադրում էկրանին:

Նմանօրինակ սարքը թույլ կտա օգտատիրոջը շփվել տարբեր լեզուներով խոսող մարդկանց հետ, ընդգծել է Google-ի ղեկավար Սունդար Պիչայը: Բացի այդ, ակնոցը կկարողանան օգտագործել խուլ անձինք եւ լսողության խանգարումներ ունեցողները: