Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի նախկին նախարար Շրիթի Վադերը զարգացած երկրների այսօրվա պարտքերի լուրջ վտանգները 2008թ. ֆինանսական ճգնաժամի համեմատ բնութագրել է այսպես. «Այն ժամանակ կառավարություններն օգնեցին բանկային համակարգերին, իսկ այժմ ո՞վ կօգնի կառավարություններին»:

Գլոբալ տնտեսական բալանս ունենալու նպատակով, ԱՄՀ-ն բազմիցս Չինաստանին մատնացույց է արել արտահանման կրճատման եւ ներքին սպառման ավելացման անհրաժեշտության վրա: Սակայն Չինաստանն ու մյուս ասիական երկրները շարունակում էին արտահանել` մոռանալով, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն մի օր չեն գնի այդ ապրանքները` ոչ լավ կյանքի պատճառով:

Standard & Poor’s գործակալությունը ԱՄՆ-ի վարկային վարկանիշը ААА-ից նվազեցրել է մինչեւ АА+` կանխատեսելով անկում առաջիկա 12-18 ամիսներին: S&P-ի վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ բյուջեի եկամուտների եւ ծախսերի կոնսոլիդացիայի ծրագրերը, որ ունեն Կոնգրեսն ու Օբամայի վարչակազմը բավարար չեն ԱՄՆ պետպարտքի միջնաժամկետ դինամիկայի կայունացման համար: Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց օրենք, որով բյուջեի դեֆիցիտը առաջիկա 10 տարում պետք է կրճատվի 261 տրիլիոն դոլարով: Կոնգրեսի դեմոկրատական եւ հանրապետական խմբակցությունները պետք է ստեղծեն հանձնաժողով, որը նոյեմբերին մշակելու է 1,5 տրիլիոն դոլարով կրճատելու առաջարկ: Սակայն S&P-ի կարծիքով, անհրաժեշտ գումարը 4 տրիլիոնն է:

Այդ ամենի հետեւանքով, ասիական բորսաներում գրանցվեցին զգալի անկումներ` Տոկիոյի բորսայում` Nikkei 225-ը ուրբաթ օրվա համեմատ նվազեց 2,2%, իսկ Շանհայի բորսայում` 3,55%:

Անկում է գրանցվել նաեւ Հարավային Կորեայի, Հոնկոնգի եւ Բոմբեյի բորսաներում: Տեղի փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տնտեսական ակտիվության նվազումը կհանգեցնի պահանջարկի կրճատման, այդ թվում Ասիայից ստացվող ներմուծմանը, որը ձեւավորում է մի շարք ասիական երկրների տնտեսությունը:

Եվրոպական ֆոնդային շուկաներն ավելի կայուն արձագանքեցին ճգնաժամին: Լոնդոնի բորսայում անկումը 1,15%-ից կրճատվեց մինչեւ 0,13%, իսկ Փարիզի բորսայում նվազումը կազմեց 0,21%, Ֆրանկֆուրտում` 0,74%: Մադրիդում եւ Միլանում գրանցվեց աճ` համապատասխանաբար 3,31% եւ 4,08%, հաղորդում է Reuters-ը:

Աճը պայմանավորված էր եվրոգոտու պարտատոմսեր գնելու մասին Եվրոպական կենտրոնական բանկի հայտարարությամբ: Օրվա սկզբից ԵԿԲ-ն գնել է Իտալիայի եւ Իսպանիայի մոտ 700 միլիոն պարտատոմսեր, հաղորդում է Fox Business-ը:

Սակայն հայտարարության ազդեցությունը երկար չտեւեց: Օրվա կեսին Ansa գործակալությունը հաղորդեն միլանյան Ftse Mib ինդեքսի 0,9% նվազման մասին, երբ անկում ունեցան իտալական երկու առաջատար բանկերի` Intesa Sanpaolo-ի եւ UniCredit-ի բաժնետոմսերի գները: 2,5% ընկավ նաեւ Փարիզի բորսայի ինդեքսը, հաղորդեց Figaro-ն:

Բացասական հետեւանքները հասել են նաեւ Ռուսաստան: Մոսկվայի միջբանկային արտարժութային բորսայի ինդեքսը նվազեց 5,5%, հաղորդում է ՌԲԿ-ն:

S&P-ի գնահատականներով, ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերը հուսալիության աստիճանով զիջեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Կանադայի պարտատոմսերին:

Սակայն հոլանդական ING բանկի վերլուծաբանի կարծիքով, Ֆրանսիայի բուջետային դեֆիցիտի ցուցանիշը վարկանիշի նվազման օգտին է: Այդ գնահատականը չեն ժխտում նաեւ  S&P-ի փորձագետները` հայտարարելով, որ երկարաժամկետ հեռանկարում Ֆրանսիայի վարկանիշը կարող է նվազել, հաղորդում է Reuters-ը:

Պարտքերի աճող բեռի հետեւանքը կարող է լինել զգալի գնաճը որպես պետպարտքի ծավալի կրճատման միջոց, կարծում է Economic Times-ի վերլուծաբան Սվամինաթան Այարը. «Գնաճը ժողովրդահաճո քայլ չէ, սակայն ծախսերի կրճատումն ու հարկերի աճը էլ ավելի հաճելի է չէ բնակչության համար»:

Սակայն եվրոպական կառավարությունները նպատակահարմար են գտնում հարկահանության խստացումը: Իսկ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գնաճը կարող է արժեւորել հայկական դրամը եւ արգելակել Հայաստանի արտահանումը: