Երեւանում ընթացքի մեջ են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր` օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցել են, որ վարչական շրջաններում գույքագրվում եւ ուսումնասիրվում են Երեւանի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված տաղավարների, կրպակների եւ ժամանակավոր այլ շինությունների թվաքանակի կրճատման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության եւ օրինականության հարցերը, կատարվում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որի նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնորեն տեղեդրված, ճարտարապետական տեսքն աղավաղող ժամանակավոր շինություններից:
Սկզբնական փուլում ապամոնտաժվել են չգործող ժամանակավոր շինությունները, այժմ քննարկվում է Երեւանի կենտրոնական` հատկապես մայրաքաղաք մուտք գործող եւ դեպի «փոքր կենտրոն» ձգվող փողոցներում եւ պողոտաներում տեղակայված ժամանակավոր այն շինությունների տեղակայման հարցը, որոնք չունեն իրավական հիմքեր կամ վարձակալության ժամկետներն ավարտվել են: Վարձակալության ժամկետները չլրացած վարձակալության պայմանագրերի դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնել հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմը եւ այն չկիրառողներին ենթարկել վարչական պատասխանատվության:




























