Գյումրիի Սայաթ- Նովա փողոցի ամենաբանուկ հատվածում, այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 15:15-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Արմինե Հակոբյանին եւ նրա 10-ամյա որդուն:
Ավտոմեքենայի ղեկին եղել է Գյումրիի բնակիչ Մնացական Ստեփանյանը: Վրաերթից տուժել է միայն Արմինե Հակոբյանը, իսկ որդին չի տուժել:
Նրան շտապբուժօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանի փոխանցմամբ` հիվանդի վիճակը ներկայումս գնահատվում է ծայրահեղ ծանր: Տուժածը գտնվում է անգիտակից վիճակում:
Դեպքի վայրում աշխատել են Գյումրիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ ոստիկանության քննիչները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ վրաերթ կատարած քաղաքացին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գյումրիի բաժին:




























