Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսօր՝ մայիսի 30-ին, տարբեր բաժանմունքներ բերման ենթարկված բոլոր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Իշխանությունն ու Ոստիկանությունը գնում են մեծագույն դավադրության եւ խաղաղ ակցիա իրականացնող հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Ոչ միայն Էրեբունու բաժնի, այլ նաեւ ընդհանուր բաժիններում բերման ենթարկվածների նկատմամբ է սկսվել քրեական հետապնդում։ Քրեական հետապնդում է նախաձեռնվել իբրեւ խուլիգանության հանցափաստով։ Տարակուսելին այն է, որ մեկ ոստիկան նկատել է օրինակ՝ 20-ից 30 հոգանոց խումբն ինչպես է խուլիգանություն կատարում, սա էլ այն դեպքում, երբ մի քաղաքացի բերման է ենթարկվել Նժդեհի արձանի դիմացից, մյուսը՝ Կառավարության շենքից»,- ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ երկու անչափահասի նկատմամբ խուլիգանության հանցափաստով նույնպես քրեական հետապնդում սկսվել։
Նա նշեց, որ արձանագրվել են բռնություն կիրառելու հատկանիշներ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։




























