Ճապոնիայի կառավարությունն անընդունելի է համարում Հարավային Կորեայի հետազոտական ​​գործունեությունը Ճապոնական ծովում վիճելի Տակեսիմա կղզիների տարածքում եւ կոչ է անում Սեուլին դադարեցնել այն։ Այս մասին երեքշաբթի Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Մենք կրկին խիստ բողոք ենք հայտնել առ այն, որ մեր բացառիկ տնտեսական գոտում ծովում առանց նախնական համաձայնության գիտական ​​հետազոտություններն անընդունելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն», - ասաց նա:

Ըստ ճապոնական կողմի՝ հարավկորեական նավը երկու օր գտնվել է Տակեսիմա կղզիների տարածքում եւ, ենթադրաբար, ստորջրյա հետազոտություններ եւ այլ ուսումնասիրություններ է կատարել:

Տակեսիման փոքր կղզիների խումբ է, որի ընդհանուր մակերեսը 0.188 քմ է, գտնվում է Կորեական թերակղզուց արեւելք։ Այս անմարդաբնակ ժայռոտ տարածքները միջազգային վեճի առարկա դարձան 1945-ից հետո, երբ Կորեան ազատագրվեց ճապոնական գաղութատիրությունից։ Այժմ կղզիները վերահսկվում են Հարավային Կորեայի զինված ուժերի կողմից։