Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնական Լաուրա Լոհմանին։

ԱՊԱ-ի փոխանցմամբ` «զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հարավային գազային միջանցքի գործունեությանը։ Ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մեր երկրից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ։ Հանդիպմանը նշվել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը, բարձր է գնահատվել ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը գլոբալ էներգետիկ նախագծերի, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացման գործում: Խոսվել է էլեկտրաէներգիայի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանում իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Բաքվում ավանդաբար անցկացվող «Կասպից ծովի նավթը եւ գազը» միջազգային ցուցահանդեսի նշանակությունը, նշվել է, որ միջոցառումը նպաստում է միջազգային համագործակցության ընդլայնմանն էներգետիկայի ոլորտում»: