Թուրքիան եւ ԱՄԷ-ն քննարկել են համագործակցությունը ռազմական պատրաստության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Աքարն ասել է, որ մոտ ապագայում ռազմական կրթության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության «կարեւոր եւ դրական զարգացումներ» է ակնկալում:
«Կարծում ենք, որ աշխատանքը, որը մենք կկատարենք, կնպաստի ոչ միայն մեր երկրներին, այլեւ խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»,- հավելել է նա, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Հուլուսի Աքարն ԱՄԷ-ի իր գործընկեր Մուհամեդ բեն Ահմադ Ալ Բովարդիի հետ քննարկել է երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը ռազմական պատրաստության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Ըստ Sabah-ի՝ Թուրքիան եւ ԱՄԷ-ն փոխըմբռնման երկու հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում հարաբերությունների զարգացման համար։
Երկու երկրների պետական պաշտոնյաներն ու ընկերությունները հանդիպել են Անկարայում, ասվում է Պաշտպանական արդյունաբերության խորհրդի (SSB) հայտարարության մեջ:
SSB-ի կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցել են SSB-ի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, Tawazun տնտեսական խորհրդի գործադիր տնօրենը, ԱՄԷ մատակարարման կազմակերպության Թարեք Աբդուլ Ռահիմ Ալ Հոսանին, բարձրաստիճան զինվորականներ եւ ընկերությունների ղեկավարները:
Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման ջանքերի արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` փետրվարին ԱՄԷ կատարած այցի ընթացքում երկու երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մտադրությունների նամակ էր ստորագրվել:շ



























