Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ռուսական գազի հնարավոր էմբարգոն՝ որպես հաջորդ քայլ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում։

«Կարծում եմ՝ ոչինչ չի կարելի բացառել, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպես կզարգանա պատերազմը»,-լրագրողներին ասել է Մակրոնը։ «Մենք պետք է պահպանենք վստահությունը, եւ այս ռազմավարական երկիմաստությունը նույնպես օգտակար է»,,-ասել է նա։

Մակրոնն ասել է, որ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլից հետո առաջիկա շաբաթներին չի կարող բացառվել լրացուցիչ պատժամիջոցներ։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ ուկրաինական պարենամթերքի արտահանման շուրջ համաձայնություն ձեռք կբերվի առաջիկա օրերին եւ շաբաթներին՝ ասելով, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների վերջին բանակցություններն այդ հարցի շուրջ «դրական նշան» են։

Պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու իր որոշման մասին հարցին՝ Մակրոնը պաշտպանել է իր մոտեցումը։ «Մենք պետք է շարունակենք քննարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումը, որպեսզի պատրաստվենք խաղաղության այն օրը, երբ նրանք կվերսկսեն բանակցությունները»,-հավելել է Մակրոնը։