Հայաստանում ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի (UNICEF)  գրասենյակի մշտական ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի Ջիլանին ավարտում է իր գործունեությունը Հայաստանում, որի կապակցությամբ, նրան այսօր` օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ անձամբ ձեր դերն` ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»: Տիգրան Սարգսյանն արդյունավետ է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի գործունեությունը եւ ծրագրերը, որոնք, ըստ նրա, նպաստում են նաեւ մանկատներում ապրող երեխաների` հասարակական կյանքին իտեգրմանը: 

Իր հերթին,  Լեյլի Մոշիրին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին` բարձր մակարդակի համագործակցության եւ աջակցության համար, ինչն էլ եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ աշխատանքի գրավականներից մեկը: Նա նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված կառավարության մոտեցումները մեծ նշանակություն են ունեցել բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Լեյլի Մոշիրին հավաստիացրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է իր առաքելությունը մեր երկրում` ուղղված սոցիալական ծառայությունների մատուցման, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների եւ ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի գրասենյակի մշտական նոր ներկայացուցիչն իր առաքելությունը կստանձնի սեպտեմբերից:

Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեր երկրում գործում է 1994 թ.-ից: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է` կյանքի առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, մանկական հիվանդությունների եւ մահացության կանխարգելմանը, հղիության եւ ծննդաբերության անվտանգությանը, կրթության իրավունքի ապահովմանը, դաժան վերաբերմունքի, թրաֆիքինգի դեմ պայքարին եւ այլն: