Կառավարող կոալիցիայի պատվիրակությունն իր տեսակետը կհայտնի Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունների վերաբերյալ երեքշաբթի օրը: Այդ մասին ընդդիմության եւ իշխանության բանակցությունների հերթական փուլից հետո լրագրողներին հայտնել է իշխանական պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
«Մենք ծանոթացել ենք ընդդիմության ներկայացրած փաստերի հետ: Դրանց մի մասը իսկապես փաստեր էին, ինչ-որ մասը՝ գնահատականներ: Մենք մեր տեսակետը կհայտնենք հաջորդ երեքշաբթի»,- ասել է Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը կոալիցիային է ներկայացրել իր փաստարկները հօգուտ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման:
Կոալիցիան, ըստ Հարությունյանի, շարունակում է ուսումնասիրել միջադեպերը, որոնց մասին նախորդ շաբաթ հայտնել են ընդդիմադիրները, մասնավորապես օգոստոսի 2-ի հանրահավաքից առաջ ՀԱԿ ակտիվիստների վրա ոստիկանական հարձակման, եւ հանրահավաքի օրը տրանսպորտի աշխատանքի խափանման վերաբերյալ:




























