ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկման ժամանակ նշվել է տարածաշրջանային կայունության ապահովման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համար համատեղ աշխատանքի ակտիվացման կարեւորությունը։

Նիկոլ Փաշինյանը պատմել է մայիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած իր շփումների մասին։

Հաշվի առնելով այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետի` Ռուսաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները, անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի մի քանի ակտուալ հարցերի։ Կողմերը երկուստեք սերտ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել՝ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի սկզբունքներին համապատասխան։